ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը փորձում է զորավիգ լինել եղբայրական եզդի ժողովրդի հրատապ կարիքների լուծմանը. Ռուստամ Բաքոյանը՝ Սինջարում

Հայաստանը փորձում է զորավիգ լինել եղբայրական եզդի ժողովրդի հրատապ կարիքների լուծմանը. Ռուստամ Բաքոյանը՝ Սինջարում

Իրաքի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ միասին եզդի իրավապաշտպան, Ավրորայի մրցանակակիր Միրզա Դինայիի հրավերով այցելեցինք Իրաքի Նինվե նահանգի Շանգալի (Սինջար) շրջանի Սնունիի քաղաքում գտնվող «Համակեցության տուն» (House of Coexistence) կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Համակեցության տուն» կենտրոնը կառուցվել է Միրզա Դինայիի կողմից Ավրորայի մրցանակի գումարներով (600.000 ԱՄՆ դոլար) և իր անձնական միջոցներով (30.000 ԱՄՆ դոլար): Կենտրոնի սրահները անվանակոչվել են եզդի, հայ, քուրդ և արաբ հասարակական-քաղաքական գործիչների անուններով, իսկ հանդիպումների ամենամեծ դահլիճը կրում է Արարատ անունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
 
Կենտրոնում հանդիպում ունեցանք Շանգալի շրջանի Շանգալի և Սնունիի քաղաքապետերի, շրջանի կրթության վարչության պետի, եզդիական հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների, հասարակական լայն շրջանակների հետ:
 
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեց 2014թ. ԻՊ կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման, ՀՀ կողմից եզդի երիտասարդների համար կրթաթոշակների հատկացման, Շանգալի եզդիներին, հատկապես հաշմանդամություն ունեցողներին հումանիտար, այդ թվում՝ բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Շանգալում տիրող անվտանգային իրավիճակին:
 
Պատասխանելով ներկաների բարձրացրած հարցերին, նշեցինք հետևյալը.
Հայաստանը առաջին երկիրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց եզդիների ցեղասպանությունը և միանվագ 100.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց ցեղասպանությունը վերապրած եզդի ժողովրդին: ՀՀ-ն պատրաստակամ է իր փորձով կիսվել եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Կարելի է քննարկել ցեղասպանագետների, միջազգային իրավունքի մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունը ՀՀ-ում:
 
Կոչ արեցինք եզդիներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ցեղասպանությունների թեմայով անցկացվող միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին: Այս կապակցությամբ ներկաներին տեղեկացրեցինք ս.թ. դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով ֆորումի մասին: Համապատասխան շահագրգռվածության պարագայում գլխավոր հյուպատոսությունը կաջակցի եզդի գիտնականներին ֆորումին մասնակցելու համար:
 
Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով Շեյխանի և Իսյանի եզդիական ճամբարներին հումանիտար օգնության տրամադրումը՝ շեշտելով, որ ՀՀ-ն իր կարողությունների սահմաններում փորձում է զորավիգ լինել եղբայրական եզդի ժողովրդի հրատապ կարիքների լուծմանը: Շեշտվեց, որ ՀՀ-ն կփորձի շարունակական աջակցություն տրամադրել եղբայրական եզդի ժողովրդին:
 
Շանգալի հաշմանդամություն ունեցողների միության նախագահը նշեց, որ շրջանում բնակվում է մոտ 2300 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնց մեծ մասը չունի անվասայլակներ: Ի հավելումն վերոնշյալի՝ Շանգալում բժշկության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա, մի շարք վիրահատություններ անելու համար ստիպված են հասնելու Մոսուլ, ինչի համար առկա են որոշ արհեստական խոչընդոտներ: Ցանկալի կլիներ կազմակերպել հայ բժիշկների կողմից այց Շանգալ՝ տեղում վիրահատություններ անելու նպատակով:
 
Կրթաթոշակների տրամադրման հետ կապված առաջարկեցինք Շանգալի շրջանի ղեկավարի, Շանգալի և Սնունիի քաղաքապետերի կողմից նամակով դիմել Բաղդադում ՀՀ դեսպանություն կամ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը խնդրանքը փոխանցելու և հարցը քննարկելու համար:
 
Իմ հերթին խոստացա որպես ՀՀ ԱԺ պատգամավոր հետամուտ լինել եզդիներին մի քանի կրթաթոշակ տրամադրելու գործում:
 
Ներկաները նշեցին նաև, որ Շանգալի շրջանում չկան համալսարաններ, իսկ Մոսուլում կամ այլ վայրերում ուսանելու համար ստեղծված են արհեստական խոչընդոտներ:
Հանդիպմանը ներկա էր նաև եզդի ցեղապետ Համե Շարոյի թոռը: Համե Շարոն Շանգալի լեռներում ապաստան է տվել մոտ 6000 հայերի, փրկելով նրանց թուրքական յաթաղանից: Նա նշեց, որ Հայաստանում այցելել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», որտեղ ցավալիորեն չի գտել իր նախնու անունը կամ որևէ հիշատակում նրա մասին: Ա. Մանուկյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է յուրաքանչյուր երախտավորի և խնդրեց գլխ. հյուպատոսություն ներկայացնել առկա փաստաթղթեր կամ վավերագրեր՝ Երևան ներկայացնելու նպատակով:
 
Հանդիպմանը ներկաները, անդրադառնալով եզդի ժողովրդի պառակտվածության խնդրին, նշեցին, որ կցանկանան ինձ ևս տեսնել եզդի ժողովրդի միասնության վերականգնման աշխատանքներում` այդ համատեքստում օգտագործելու իմ ներուժը` պառակտված համայնքին միավորելու համար:
 
Հանդիպման ավարտին «Համակեցության տուն» կենտրոնի 4 հիմնական կրոնները (քրիստոնեություն, իսլամ, շարֆադինականություն, հուդայականություն) խորհրդանշող այգում տնկեցին ծառեր:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ-ում պատրաստել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար և նվիրաբերել կենտրոնին՝ այգում տեղակայելու նպատակով»:

  • Կիսվել: