կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Հայաստանը նշված է կարմիր՝ որպես ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը նշված է կարմիր՝ որպես ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն՝ 1249 թեստավորված, 517 վարակակիր և 19 մահ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը։

Պատգամավորը նշեց, որ չի ցանկանում ասել՝ այս ամենն ինչի արդյունքն է, չի ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երևի թե երկիրը հերմետիկ փակելու համար։

«Ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Որևէ անձնական խնդիր չկա և ընդդիմությունը որևէ քաղաքական շահ չունի, յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Այո՛, մենք՝ բոլորս այստեղ նստած պետք է իսկապես լուծում գտնենք այս իրավիճակից, եթե այլևս իրավիճակը իսկապես չի դարձել անկառավարելի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:

Այսպիսով, վերջին մեկ օրում  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 517 նոր դեպք և 25 առողջացած։

 

  • Կիսվել: