կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը միջազգային The Earth Prize միջազգային մրցույթի եզրափակչում է

Հայաստանը միջազգային The Earth Prize միջազգային մրցույթի եզրափակչում է

 Հայաստանը ներկայացնող աշակերտների թիմը անցել է միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթի եզրափակիչ փուլ՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։ Մեր երկիրը մրցույթին ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը բժշկական դիմակների վերամշակման «Rene’Mask» նախագծով, գիտական ղեկավար՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյան։

 

Մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ։ Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագիծով «Այբ»-ի աշակերտները մրցելու եկ ինը թիմերի դեմ Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից։ Լավագույն տասնյակի դպրոցներից են հեղինակավոր Eton Collage (ՄԲ), Havergal College (Կանադա), International School of Zug and Luzern (Շվեյցարիա) և այլն։ The Earth Prize-ը բնապահպանական կայունության մրցույթ է 13-19 տարեկան աշակերտների թիմերի համար, որոնք սովորում են նույն դպրոցում։ Մրցույթի պահանջն էր, որ աշակերտները ներկայացնեին բնապահպանական որևէ խնդրի լուծում՝ միտված աշխարհն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելուն։

«RenéMask» նախագծի հեղինակը «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Իլյա Լալազարյանն է։ Դպրոցում ուսումնասիրությունների, գիտափորձերի ու քննարկումների արդյունքում Իլյան քիմիայի ուսուցչուհու՝ Լիլիթ Համբարձումյանի ուղղորդմամբ մշակել է լաբորատոր պայմաններում դիմակներից փոքր էկոլոգիական հետքով վառելանյութի ստացման մեթոդն ու նախագիծը։ Այսպես՝ «RenéMask»-ը լուծում է առաջարկում միանգամից երկու մտահոգիչ խնդրի համար, որոնք են շրջակա միջավայրի աղտոտվածությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկը։ Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում, որոշ շարժիչներում։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մարտի 25-ին։

Աշակերտները իրենց նախագիծը առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։ Մեծ հույսով սպասում ենք վերջնական հաղթանակի, որը աշակերտներինն ու «Այբ» դպրոցինը չէ միայն, այլ Հայաստանինը, քանի որ մեր երկիրը հայտ է ներկայացնում արդի էկոլոգիական թեմայով նորարար լուծում առաջարկել աշխարհին։ Հավատացած ենք, որ կրթությունն է մեր երկրի կայուն զարգացման և հզորացման գրավակններից մեկը, հայտնում են «Այբ» դպրոցից։

  • Կիսվել: