ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը

Մեկնարկել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրի պատվիրակությունների անդամներ, ավելի քան 60 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

«Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում»,-ելույթի խոսքում ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ըստ Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի ընթացակարգի: Բեմ են բաձրացվել օլիմպիադայի դրոշը և գավաթը, որին հաջորդել է Հայաստան ժամանած բոլոր երկրների աշակերտական թիմերի շքերթը: Այնուհետև հնչեցվել է ժյուրիի անդամների երդման տեքստը:

Միջազգային հյուրերին գիտակրթական կարևոր իրադարձությամբ Հայաստանում ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. «Անառարկելի է նաև, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»։

Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին հյուրընկալության և հետհամաճարակային այս շրջանում միջոցառման կազմակերպումը ստանձնելու համար։ Նա նաև առանձնակի շնորհավորել է մասնակիցներին. «Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:

Այս առումով կարող եմ ասել` «Դուք բոլորդ հաղթողներ եք»:

Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այստեղ` այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»։

Բացման հանդիսությունն ուղեկցվել է մշակութային կատարումներով:

Հուլիսի 10-18-ը Հայասատանում անցկացվում է Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան:

 

  • Կիսվել: