չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ

Հայաստանը՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դպրոցական սննդի միջազգային համագումարը՝ «Դպրոցական սնունդ. ընդհանուր զարգացման վեկտոր» խորագրով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել են ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Առաքելյանը։

Միջոցառման նպատակն էր մասնակից երկրների շրջանակում ստեղծել դպրոցական սննդի կազմակերպման ոլորտում փորձի փոխանակման հարթակ, բացահայտել ուսումնական հաստատություններում սննդի որակի և մատչելիության բարելավման գործում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադառնալ երեխաների ուսման ու առողջության վրա սննդի ազդեցության վերաբերյալ հետազոտություններին։

Հայաստանը համագումարում հանդես է եկել ոչ միայն որպես մասնակից, այլև «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ։ ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի զարգացման հիմնական ձեռքբերումները և ուղղությունները՝ առանցքային փաստերով, հիմնական բաղադրիչներով, հաջողության պատմություններով: Ներկայացվել է այն ճանապարհը, որը Հայաստանը հաղթահարել է ծրագրի մեկնարկից ի վեր՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության և Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ։

Դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից, տաք սննդին անցումից հետո քայլ առ քայլ ծրագրի կառավարումը հանձնվել է ՀՀ կառավարությանը և 2023 թ. հուլիսին ամբողջովին ազգայնացվել: Այօոր ծրագրից օգտվում են ՀՀ բոլոր մարզերի 1000 դպրոցների 100.000-ից ավելի երեխաներ։

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վերահսկում է դպրոցներում ծրագրի իրականացումը, մշակում ճաշացանկեր, մասնագիտական ​​դասընթացներ կազմակերպում ծրագրի շահագրգիռ կողմերի համար:

Համագումարին անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին սնունդով ապահովելու խնդրին: Նշվել է, որ հենց առաջին օրերից լուծվել է տարրական դասարանների երեխաների սննդի հարցը, և այժմ նրանք մյուս աշակերտների հետ միասին տաք և առողջ սնունդ են ստանում:

Որպես համաժողովի արդյունք՝ ամրագրվել է, որ ԱՊՀ երկրները հավատարիմ են մնում դպրոցական սննդի ընդլայնման և շարունակական զարգացման օրակարգին՝ որպես մարդկային կապիտալի զարգացման հզոր գործիք։ Նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «Դպրոցական սննդի» համագումարի շրջանակում հաջորդ հանդիպումը կազմակերպել 2024 թվականին Մոսկվայում։

  • Կիսվել: