Հայաստանը Արցախին նվիրաբերեց 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա
ՀՀ կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ որոշման նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։
Նրա խոսքով՝ նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։
Մյուս 7ը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։
Փոխնախարարը հայտնեց, որ շտապօգնության 10 ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։
Նշվեց նաև, որ ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորելով նախագծի ընդունումը՝ հույս հայտնեց, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով։



