Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն չտալ նախապես քվեարկել
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրնքում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Էդգար Ղազարյանի ներկայացրած նախագիծը դեռևս ԱԺ օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է։
Էդգար Ղազարյանն առաջարկում է վերացնել այն իրավակարգավորումները, որոնցով գործուղման մեկնած պատգամավորները կարող են նախապես հայտնել իրենց դիրքորոշումը քվերակության վերաբերյալ և առանց նիստերին ներկա լինլու՝ մասնակցել բաց քվեարկություններին։
Գործող կարգավորմամբ գործուղման մեկնող պատգամավորը կարող է մինչև մեկնելը փակ ծրարով գրավոր տեղեկացնել ԱԺ նախագահին, թե կոնկրետ հարցի վերաբերյալ ինչպես է պատրաստվում քվեարկել՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ։
Ըստ ներկայացված հիմնավորման՝ պատգամավորը կարող է փոխել իր դիրքորոշումը քննարկման ընթացքում։ Նախագծի հեղինակը նշում է, որ պատգամավորը մինչև նիստը կարող է ունենալ որոշակի դիրքորոշում, սակայն քննարկման ընթացքում լսելով գործընկերների, ընդդիմախոսների կարծիքները, հարցուպատասխանը և նոր փաստարկները՝ փոխել այն։ Նշվում է, որ սա կարող է նվազեցնել խորհրդարանական քննարկումների նշանակությունը։
Հեղինակը նշում է, որ պատգամավորները կարող են բացակայել տարբեր պատճառներով՝ հիվանդության, անձնական հիմնավոր հանգամանքների, արտակարգ դեպքերի, ընտանեկան հանգամանքների, ԱԺ-ից դուրս այլ միջոցառումներին մասնակցելու պատճառով։ Սակայն գործող կարգավորումը փակ ծրարով քվեարկելու հնարավորություն տալիս է միայն պաշտոնական գործուղման մեկնող պատգամավորին։ Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ ստեղծվում են տարբերակված պայմաններ։
Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշումն արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների և ընդդիմախոսների կարծիքները։
Հեղինակը նշում է, որ ԱԺ խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և ԱԺ խորհրդի նիստերին համապատասխան անդամների ներկայությունը պարտադիր է, մինչդեռ գործուղումների մեկնելը պարտադիր չէ և կարող է կազմակերպվել ըստ հայեցողության ու նպատակահարմարության։



