երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Եթե ՀՀ-ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան

Եթե ՀՀ-ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան

 Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։
 

«10 տոկոսով գազի գնի թանկացումը մեր սպառողական գների ինդեքսի վրա կբերի 0.6 տոկոս գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1–0.2 տոկոսի սահմաններում»,– այսօր ասաց Մարտին Գալստյանը։

Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
«Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։
Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։

  • Կիսվել: