ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում տոնում են Սոցիալական աշխատողի օրը․ Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանում տոնում են Սոցիալական աշխատողի օրը․ Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել

Այսօր տոնում  սոցիալական աշխատողի օրն է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում:

Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաեւ՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր աշխատանքը հաճախ նաեւ չափազանց ծանրաբեռնված է՝ այլոց հոգսերով եւ կարիքներով, բայց դուք նաեւ դրանց հաղթահարման բերկրանքը կիսողն եք:

Դուք ամեն օր աշխատում եք մեր հասարակության առավել խոցելի խմբերի հետ, փնտրում լուծումներ, գնահատում ռիսկեր: Այս ամենի համար պետք է ոչ միայն լուրջ մասնագիտական պատրաստվածություն, այլեւ մարդակենտրոն մոտեցում եւ առանձնահատուկ զգայունություն: Ձեր առաքելությունը մարդկանց կյանքը որակապես ավելի լավը դարձնելն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու կայացումը, որովհետեւ ի դեմս Ձեզ մենք տեսնում ենք մեր առաջնային գործընկերներին: Մեր հայրենակիցների առջեւ ծառացած շատ խնդիրների լուծումը կախված է նաեւ Ձեր աշխատանքից:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացումը, ինչը ոչ միայն կթեթեւացնի մեր քաղաքացիների հոգսը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայությունները կենտրոնացնելով մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով, այլեւ առավել համակարգված կդարձնի սոցիալական բոլոր ծառայությունների համագործակցությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական օրվա առթիվ եւ ցանկանում, որ երբեք չմոռանաք մի պարզ ճշմարտություն՝ ձեր աշխատանքն ուղղված է ամենակարեւորին՝ մարդուն եւ նրա իրավունքների պաշտպանությանը:

Շնորհակալ եմ Ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքի համար: Հավաստիացնում եմ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անելու է ամեն բան, որպեսզի դուք ձեզ ավելի գնահատված եւ արժեւորված զգաք»:

  • Կիսվել: