չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայաստանում տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ բիզնեսին ոչ մի վնաս չի հասցվել. Զեկույց

Հայաստանում տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ բիզնեսին ոչ մի վնաս չի հասցվել. Զեկույց

Հայաստանն ունի քաղաքական ցույցերի պատմություն, որոնցից մի քանիսը վերաճել են ոստիկանության և ցուցարարների միջև կատաղի բախումների, սակայն բռնի ցույցերի հաճախականությունը զգալիորեն նվազել է։  Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ հրապարակված զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ վերջին խոշոր բռնարարքը տեղի է ունեցել 2016-ի հուլիսին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրոհով վերցրել և գրավել է Երևանի ոստիկանական բաժանմունքը։

«Դրան հաջորդած երկշաբաթյա դիմակայության ընթացքում Սասնա ծռերը պատանդ են վերցրել ոստիկանի եւ բժշկական անձնակազմի՝ պահանջելով քաղաքական փոփոխություններ։ Դիմակայության ընթացքում Երեւանում ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն Սասնա ծռերի, բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Այդ բախումները բիզնեսին ոչ մի վնաս չեն հասցրել»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն, որը հանգեցրեց կառավարության փոփոխության։ Խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանում և մի շարք այլ քաղաքներում հանգեցրել են փողոցների փակմանը, այդ թվում Երևանի միջազգային օդանավակայանի ճանապարհին, սակայն չեն խանգարել բիզնեսի բնականոն գործունեությանը և վնաս չեն հասցրել երկրի մակրոտնտեսական կայունությանը: Այդ գործողությունները որևէ վնաս չեն հասցրել նախագծերին կամ սարքավորումներին։ «Քիչ հավանական է, որ քաղաքացիական անկարգությունները, եթե դրանք տեղի ունենան, ուղղված կլինեն ամերիկյան ձեռնարկությունների դեմ»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունան մասին՝ նշելով, որ այդ համակամրտության ընթացքում շարունակում են զոհեր լինել։

«Հրետանային համակարգերի, ֆուգասների եւ ականանետերի ընդհատվող փոխհրաձգություններն ու էպիզոդիկ կիրառումը ամեն տարի հանգեցնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներսում առեւտրային գործունեությանը մասնակցելը կարող է դժվարացնել բիզնես վարելը Ադրբեջանի ներսում կամ ադրբեջանական կառավարության հետ։ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է կասեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտք գործել Ադրբեջան»,- ասված է զեկույցում։

  • Կիսվել: