երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում պաշտոնապես կնշվի հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը

Հայաստանում պաշտոնապես կնշվի հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ում հեռուստատեսության աշխատողի օրը նշելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանել որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն:

Կառավարությունն ընդունել է նաև գիտության, սպորտի, մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից, 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշումներ:

Գործադիրն ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը լուծարելու և պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին որոշում: Վերջինիս գործառույթների իրականացումը կվերապահվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։

Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է հանձնարարել կոմիտեին՝ տալու իր համաձայնությունը ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին ազատելու չվճարված միջնորդավճարներից և դադարեցնելու միջնորդավճարների գանձումը, ինչպես նաև ազատելու ՊՈԱԿ-ից տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված ՀԴՄ-ների համար պայմանագրով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերից և դադարեցնելու պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար հետագա տույժերի հաշվարկը։

Որոշման ընդունման արդյունքում հարկ վճարողներն ազատվում են հաշվարկված տույժերի վճարումից։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվարկած տույժերը կազմում են 145 290 600 դրամ։

  • Կիսվել: