շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում կստեղծվի տեղեկատվական անվտանգության ազգային կենտրոն․ մանրամասներ

Հայաստանում կստեղծվի տեղեկատվական անվտանգության ազգային կենտրոն․ մանրամասներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշում կայացրեց:

Որոշման նպատակը տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանը անկախ դարձնելն է: Նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումներ:

Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1,343 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն և ձեռք բերվող կապիտալ սարքավորումների արժեքը,  իսկ 2025թ. և յուրաքանչյուր տարվա համար շուրջ  1 մլրդ դրամ:

Նախագծի ընդունման արդյունքում ՊՈԱԿ-ը կիրականացնի ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ուղղված նոր, առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպան¬վածու¬թյան և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Արդյունքում, բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի զարագացմանը համընթաց պետական մարմինների կողմից կկիրառվեն պաշտպանության ավելի հուսալի մակարդակ ունեցող կառավարման համակարգեր, իսկ տեղեկատվության փոխանակման գործընթացի անվտանգությունը (պաշտպանվածության հուսալիության մակարդակը) կլինի առավել բարձր:

  • Կիսվել: