Հայաստանում հիմնադրվում է «Մատենա» միջազգային դպրոցը
«Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի եւ «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ մշակվել եւ մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին եւ բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաեւ ձեռնարկատերերի համար:
«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները եւ օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի այլ երկրներից:
Համաշխարհային եւ տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաեւ անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների եւ հասարակության ավելի լայն շերտերի համար: «Մատենայի» դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երեւան, Դիլիջան եւ այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ եւ երեք լեզուներով՝ հայերեն անգլերեն եւ ռուսերեն։ Զուգահեռեբար պլանավորվում է «Մատենայի» առանձին ակադեմիական բազայի ստեղծում:
«Մենք ստեղծում ենք առաջնորդության եւ կառավարչական հմտությունների զարգացման կենտրոն ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի ներկայացուցիչների համար։ Քանի որ մեր դպրոցի ծրագրերը նախատեսված են լինելու նաեւ հանրային պաշտոնյաների համար, հուսով ենք, որ կկարողանանք արդյունավետ փոխգործակցություն կառուցել պետության հետ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Մատենայի» միջազգային համայնքին միանալու հնարավորությունների մասին՝ այստեղ: