չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. Փաշինյան

Հայաստանում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. Փաշինյան

«Երբեմն ինձ դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ-ում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ այս դավադիր կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի»,- այս մասին այսօր ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասաց, որ ստացել են միջազգային գնահատական, թե ինչի մասին է այդ կոնվենցիան, ում նկատմամբ բռնությունը կանխարգելելու մասին կոնվենցիա է. «Ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը։ Մեր խնդրանքով անդրադարձել են այն բոլոր փաստարկներին, որոնք հնչել են հանրային քննարկումների ընթացքում, որոնք ակնհայտորեն այլ լույսի ներքո են ներկայացվել»:

Վարչապետն էլ իր հերթին ավելացրեց, թե արդյոք  կոնվենցիան նրա մասին չէ՞,  որ կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն գործադրել չի կարելի։

Նախարարը դրական պատասխան տվեց. «Բուն կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն ընտանիքի անդամների մասին է, այլ ավելի լայն հարաբերությունների։ Բռնություն կարող է կիրառել տատը թոռան նկատմամբ, կամ՝ հակառակը, կամ համատեղ կենցաղ վարող, սակայն ամուսնությունը չգրանցած անձանց նկատմամբ: Այն փաստարկները, թե սա վերաբերում է միասեռական զույգերի ամուսնությանը կամ նրանց կողմից երեխա որդեգրելուն, բայց սևով սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի, իսկ դրա համար չպետք է սպասեն, որ բռնությունը տեղի ունենա, հետո գնան ասեն՝ եկեք պատասխանատվության ենթարկենք։

«Շատ կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով այս նախագծի ընդունումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից, Հայաստանում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Ինչո՞ւ եմ ասում՝ որոշակի լեգիտիմություն կա։ Օրինակ, ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են ունենում դատական եզրափակում։ Ոչ բոլոր դեպքերում են, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեին, որովհետև կա որոշակի պատկերացում՝ դե լավ, մի մուշտի է տվել, ի՞նչ է արել։ Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, որ «մի մուշտի տալը» Հայաստանում համարվում է քրեական հանցագործություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

  • Կիսվել: