հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան

Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան

Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմի վետերան Սաշիկ Շաքարյանին։ Նա  94 տարեկան է։ 

Օրվա ՀԵՐՈՍԸ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Սաշիկ Շաքարյան, 94 տարեկան
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: 2020 թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում բնակվում է Մեծ հայրենականի 287 վետերան, որից 3-ն ապրում է Աջափնյակ վարչական շրջանում:

Սաշիկ Շաքարյանն աջափնյակցի վետերաններից մեկն է: Ապրիլին լրացավ նրա 94-ամյակը:
Օրվա հերոսը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնին ընդառաջ պահարանից կրկին հանում է տասնյակ տարիներ շարունակ խնամքով պահած մեդալներն ու շքանշանները, որոնք ամեն տարի պարտադիր կերպով զարդարում էին նրա պիջակը մայիսինյան տոնական միջոցառումներ գնալիս: Իսկ այդ օրն ավանդաբար անցկացնում էր զինակից ընկերների հետ, որոնցից շատերն այսօր արդեն կենդանի չեն:

Նրա խրոխտ ձայնի ու հաղթանակած հայացքի մեջ խտացվել է 75 տարվա հեռվում կերտած մարտական ճանապարհը:
Մայիսի 9-ը որքան տոնական, այնքան էլ պատերազմի սառը և անջնջելի հիշողություններ արթնացնող օր է…

Սաշիկ Շաքարյանի 18 տարին նոր էր լրացել, երբ 1943թ. վերջին մեկնեց բանակ: «Գորիում դիպուկահարի կուրսեր անցնելուց հետո գնացել եմ ֆրոնտ: Վագոնով մեզ տարել են իջեցրել Բեռլին չհասած մի անտառում, որտեղ երկու շենք կար, ամենուր վիրավորներ էին պառկած, տեղ չկար մնալու, ստիպված գիշերեցինք այդ շենքերից մեկի կտուրում, իսկ առավոտյան շարժվեցինք լրիվ անծանոթ մեկ այլ վայր՝ կրկին Բեռլինի մոտակայքում: Երեխա էինք, մտածում էինք խաղ ու պար է պատերազմը, բայց երբ մտանք առաջնագիծ, զգացինք ոտքներիս տակից հողը փախչում է: Բեռլինի փողոցներից մեկում արկի պայթյունից ձեռքիս, ոտքիս և ունքիս շրջանում վիրավորում ստացա թեթեւ: Բեռլինի փողոցներից ոտքով հասել ենք Չեխոսլովակիա, հետո մալարիայով վարակվեցի՝ հոսպիտալ ընկա, այնուհետեւ պահուստային գունդ տեղափոխվեցի, ավիացիա: Պատերազմի տարիներին ծառայությունս տարբեր վայրերում անցկացրի, ձեռքով բարևել եմ Ժուկովին, Ստալինի որդուն: Պատերազմից հետո էլ շարունակել եմ ծառայությունս»-75 տարվա հեռվից հերթով վերհիշում է ծառայության տարիների բոլոր կարևոր իրադարձությունները:

Դրանց մեջ առավել հիշարժան է ապագա կնոջ՝ Մարգարիտայի հետ ծանոթությունը: 1949թ.-ին, ծառայության ժամանակ Գուդաուտա քաղաքում հանդիպում է մորաքրոջ տուն հյուր գնացած ռուս աղջնակին, այնուհետեւ ամուսնանում նրա հետ և 1951թ.-ին զորացրվելուց հետո հայրնեիք են տեղափոխվում միասին: Անկեղծանում է՝ ընտանիքի անդամները մեծ սիրով ու ջերմությամբ են ընդունել ռուս կնոջը:

Սաշիկն ու Մարգարիտան համատեղ երջանիկ կյանքի ընթացքում 3 երեխա են ունեցել: Մարգարիտան 5 տարի առաջ է մահացել, այժմ Սաշիկ Շաքարյանն ապրում է որդու և հարսի հետ, 3 թոռ ու 2 ծոռ ունի:

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած Հայրենական մեծ պատերազմի վետերանը խաղաղություն է մաղթում երկրին և ցանկանում, որ ներկա ու գալիք սերունդներն այլևս պատերազմական օրեր չտեսնեն:

 

Մանրամասները՝ այստեղ

  • Կիսվել: