երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը: Նվիրակության բացման արարողությունը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ:

Մինչ նվիրակության բացման արարողությանը Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, տեղի է ունեցել երկու նամականիշով նոր գեղաթերթիկի մարում «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր, հիրավի, խորհրդանշական օր է. Սուրբ Աթոռը նստավայր առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան-Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը: Մեծապես արժևորում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այս որոշումը, որը կրկին փաստում է Սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին։

Ընթացիկ տարին նշանակալից է մեր երկկողմ հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ լրանում է Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի Հայաստան կատարած այցի քսանամյակը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցի հնգամյակը։ Այդ պատմական այցելությունները միշտ վառ կմնան մեր ժողովրդի սրտում և մտքում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի ամուր համերաշխության վկայությունն է հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսի շնորհումը, նրա ճանաչումը՝ որպես կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը և Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանի պարտեզներում: Չենք կարող չնշել նաև Մխիթարյան միաբանության մասին, որը հսկայական դեր է խաղացել հայ ժողովրդի ուսումնակրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացման և Հայաստանի ու Վատիկանի արժեքային ու հոգևոր կապի համար։

Այսօր ցանկանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի անունից կրկին երախտագիտություն հայտնել Սուրբ Աթոռին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և դրանով իսկ ապագայում նման ոճրագործությունները կանխելու գործընթացում ներդրում ունենալու համար:

Բարձր ենք գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև, մասնավորապես, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը։

 

  • Կիսվել: