ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ-ն, որտեղ ընդգծված է, որ այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար:

 
 

«Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր:

Հայաստանի գիտնականներն անցյալում ունեցել են մեծ ներդրում տիեզերական հետազոտությունների ոլորտում. Վիկտոր Համբարձումյան, Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններ, ովքեր իրականացրել են հետազոտություններ աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ոլորտներում, Գրիգոր Գուրզադյան, ով մասնակցել է «Orion-1» և «Orion-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծմանը և զբաղվել է մոլորակային միգամածության ուսումնասիրությամբ։ Մեր գիտահետազոտական ինստիտուտներում այսօր էլ իրականացվում են մի շարք կարևոր հետազոտություններ, օրինակ, արբանյակներից ստացված տվյալների մշակումը, տիեզերական աղբի մշտադիտարկման և չեզոքացման խնդիրը և այլն:

 
 

Հետևողական քայլերով անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հզորությունը՝ ուղղելով այն երկրի կենսական խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի մեր անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Հուսով ենք, որ գիտության ոլորտում վերջին շրջանում Հայաստանի կառավարության որդեգրած դրական միտումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն գիտական հանրությանը գրանցելու նոր նվաճումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: