Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Ինժեներական քաղաքում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարի բացման միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Cisco Networking Academy-ի և «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ։ Այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և միտված է երիտասարդների թվային և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը՝ միջազգային կրթական հնարավորություններն ավելի լայն շրջանակի հասանելի դարձնելու նպատակով։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության тեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա կարևորել է Cisco-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված նախաձեռնություններն ամբողջ ծավալով առաջ են ընթանում և նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Hardware Engineering (Cisco Systems) տնօրեն Արսեն Մանուկյանը, որը վերահաստատել է Cisco-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նման նախաձեռնություններին՝ կարևորելով դրանց դերը թվային հմտությունների զարգացման, երիտասարդների կրթության և միջազգային կրթական հնարավորությունների հասանելիության ընդլայնման գործում։
Բացման միջոցառման շրջանակում անցկացվել են թեմատիկ վարպետության դասեր, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիական միտումներին, մասնագիտական զարգացման հնարավորություններին և արհեստական բանականության դարաշրջանում պահանջված հմտություններին։
Միջոցառման ավարտին ներկայացվել են ծրագրի հաջորդ փուլերը և երեքշաբաթյա կրթական ճամբարի կազմակերպչական մանրամասները։
Cisco Networking Academy Camp Armenia 2026-ի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հետևյալ դասընթացներին՝
-
Թվային գրագիտություն (Digital Awareness)
-
Կիբեռանվտանգության ներածություն (Introduction to Cybersecurity)
-
Հետաքննության արվեստ (The Art of Investigation)
-
Ժամանակակից արհեստական բանականության ներածություն (Introduction to Modern AI)
-
Մրցունակ ինքնակենսագրականի կազմում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ (Update Your Resume with AI)
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։ Ծրագրի բոլոր հայտարարությունները, դասերի հղումները և կազմակերպչական տեղեկությունները կհրապարակվեն ճամբարի պաշտոնական Telegram խմբում։
Գրանցման հայտ՝
https://forms.gle/bXJennWeNuNsnaPr9
Պաշտոնական Telegram խումբ՝
https://t.me/+ChdHiUGr5qsxY2Qy



