չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում

Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում

Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` պատասխանելով գրավոր հարցմանը։
 
«Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից: Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։
 
Մենք նաև հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ ԿԳՄՍՆ–ից պատասխանել են` հարցը քննարկման փուլում է։
 
Մեր լրացուցիչ հարցմանը, թե ով և երբ է կազմել էսքիզը, նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։
 
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։
 
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հրաժարվել է նախնական էսքիզային տարբերակը տրամադրել մեզ։
 
«Նախնական էսքիզային տարբերակը նախարարությունը երրորդ անձանց տրամադրել չի կարող առանց հեղինակների գրավոր համաձայնության»,– ընդգծել են գերատեսչությունում։

  • Կիսվել: