հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին

Հայաստանն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։

Ծրագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը։

Պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական կրթության ծրագիրը, այդ թվում՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը, արձանագրված հաջողությունները և մարտահրավերները։ Մասնակից երկրների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ, քննարկել ֆինանսական կրթության և բարեկեցության վերաբերյալ հարցեր։

Նիդերլանդների ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Խելացի փողեր» (Money Wise) պլատֆորմի փորձառության վրա հիմնված այս նախաձեռնության անդամներն են Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան և Ուկրաինան։ Ծրագիրը գործում է 2018 թվականից, որին այս տարի միացել են երեք երկրներ՝ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան։

Ծրագրի շրջանակում Հայաստանն աջակցություն է ստանալու ֆինանսական կրթության ու մարդկանց ֆինանսական բարեկեցության աճին միտված մոտեցումներ մշակելու հարցում՝ հաշվի առնելով մեր երկրի կարիքներն ու մարտահրավերները։ Ծրագրի ներքո աշխատանքներ են տարվելու հետևյալ ուղղություններով՝

Հետազոտություն. չափահասների ֆինանսական կրթության մակարդակի գնահատում և վերլուծություն, առաջնահերթությունների բացահայտում, հատուկ մարտահրավերների ուսումնասիրություն՝ ներառյալ թիրախային հատուկ խմբերի կարիքները:
Զարգացում. աջակցություն ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունների նախագծմանը, վերանայմանը և իրականացմանը՝ հանրության կրթման և կարողությունների զարգացման միջոցով։
Գիտելիքների փոխանակում. երկրների միջև փորձի փոխանակման և երկխոսության ֆորումի ապահովում՝ խթանելով ծրագրի արդիականությանն ու ազդեցությանը։
Ֆինանսական կրթության վերաբերյալ համապարփակ նախաձեռնությունը ձևավորվել է 2002 թվականին ՏՀԶԿ երկրների կողմից: 2008 թվականին ՏՀԶԿ անդամակցող երկրները ստեղծել են ֆինանսական կրթության միջազգային ցանցը՝ փորձի փոխանակման, ռազմավարական առաջնահերթությունների քննարկման և արդիական հարցերի վերաբերյալ արձագանքներ մշակելու համար: ՏՀԶԿ ֆինանսական կրթության միջազգային ցանցը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, ներկայացուցիչներ ունի ավելի քան 130 երկրների 280 պետական հաստատություններից, որոնց թվում են կենտրոնական բանկեր, Կրթության և Ֆինանսների նախարարություններ, ֆինանսական կարգավորող մարմիններ և վերահսկողներ:

2020 թվականին ՏՀԶԿ Խորհրդի նիստը նախարարների մակարդակով ընդունել է հանձնարարական, որի նպատակը կառավարություններին ֆինանսական գրագիտության խթանման գործում աջակցել է: Հանձնարարականը միտված է ֆինանսական ոլորտում սպառողների բարեկեցության աճին՝ աջակցելով վերջիններիս ֆինանսական կրթության, ֆինանսական հասանելիության և սպառողների շահերի պաշտպանության հարցում։

  • Կիսվել: