երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը

Հայաստանի տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի  N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է:

Որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը նվազագույնի հասցնելուն, այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է վերը նշված որոշման մեջ կատարել փոփոխություն, այն է` արգելված սննդային հավելումների ցանկում ավելացնել Е 128 (կարմիր 2G) սննդային հավելումը: Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել պարզելու Е128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Ուստի եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 884/2007 որոշմամբ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելումի օգտագործումը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության պետական գլխավոր սանիտարական բժշկի 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 69 որոշմամբ վերը նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումը արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը և կարգելվի այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, քանի որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագծի ընդունմամբ կարգելվի E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, սննդամթերքի արտադրության մեջ օգտագործումը և այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը՝ բացառելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

  • Կիսվել: