երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տարին ամփոփում է կարևոր ծրագրերի  իրականացմամբ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տարին ամփոփում է կարևոր ծրագրերի իրականացմամբ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) տարին ամփոփում է մի քանի կարևոր ծրագրերի  իրականացմամբ։  Ընդ որում, ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր  ներդրումային ծրագրեր իրականացվելու են ԱՆԻՖ-ի հետ համատեղ, իսկ մնացածը` ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի աջակցությամբ: Եվս մի քանի ծրագիր կմեկնարկի գալիք տարում։

Անցնող տարին՝ համառոտ։

«Այգ-1» ծրագիր

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝  200 մեգավատ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար:

«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

«Ֆլայ Արնա»

Հուլիսի 14-ին ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության միջև ստորագրվեց հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ստեղծվել է անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ընկերությունը՝ հանրային մրցույթով անվանվեց Ֆլայ Արնա (Fly Arna – Armenian National Airlines)։ Չվերթները նախատեսվում է սկսել 2022թ. գարնանը։

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերը.

«Սերմից՝ ֆերմա»

Ներդրումային ծրագիրն իրականացվում է Երեմյան Փրոջեքթս ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ և ուղղված է Արմավիրի մարզում բարձրորակ անասնակերի աճեցմանը մոտ 225 հա հողատարածքի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից Ֆոնդի ներդրման արժեքը կազմում է 0,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ժամանակակից վիրաբուժության կլինիկա

Ծրագիրի շրջանակներում ներդրումներ են իրականացվել Երևանում գործող «Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի» համար նոր շենքի կառուցման և կլինիկայի ընդլայնմանը՝ բավարարելով աճող պահանջարկը, ինչպես նաև խթանելով բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում։ Նախագծի ընդհանուր արժեքը  1.23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից Ֆոնդի ներդրման չափը կազմում է 0.6մլն ԱՄՆ դոլար համարժեք դրամ:

«Հարդ ռոք կաֆե Երեւան»

Ծրագիրը նախատեսում է Հարդ ռոք կաֆեի  նախագծի իրականացում Երևանում` Պուշկին  3/1 հասցեում: «Ֆուդ Ռեփաբլիք»-ի և Hard Rock International ընկերության  միջև ստորագրվել է  Ֆրանչայզինգի պայմանագիր։ Ծրագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացմանը՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Հարդ ռոք կաֆեի բացումը Երևանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Նախագծի ընդհանուր չափը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից ֆոնդի ներդրման չափը` 0.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:

ԵՄ֊Հայաստան ՓՄՁ Ֆոնդ

Ներկա պահին ՀՀ֊ում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային գործիքները:

Ֆոնդի ներդրումը հնարավոր կդարձնի նաև FMO-ի ներգրավվածությունը մոտ 7 մլն ԱՄՆ դոլար ներդրման տեսքով, ինչը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը։ Ներդրվող գումարը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։

Այլ ձեռքբերումներ

 

Ինտեսա Սանպաոլոն բանկերի խմբի հետ համագործակցության մեկնարկ

ԱՆԻՖ-ը և իտալական Ինտեսա Սանպաոլոն (Intesa Sanpaolo) բանկերի խումբը  ստորագրել են համագործակցության հուշագիր, որով  կողմերը կհամագործակցեն իտալական և հայաստանյան բիզնես համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում։

Իտալական ամենամեծ բանկի և ԱՆԻՖ֊ի միջև համաձայնագիրը երկու երկրների համար նոր տնտեսական հնարավորություններ կբացի։

Բարձր որակավորման սեմինարներ` արտահանողների համար

«Արտահանման հիմունքները» ծրագրի շրջանակներում, արտահանումը խթանելու և արտահանողներին միջազգային շուկա դուրս գալն աջակցելու նպատակով,  ԱՆԻՖ-ը կազմակերպել և  անցկացրել է բարձր որակավորման սեմինարների շարք:

Միջազգային «Սենտեո» ընկերության մասնագետների օգնությամբ ուսուցանվել է  նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։  Սեմինարներին  ընդհանուր առմամբ մասնակցել են  30 առաջատար հայկական ձեռնակությունների հիմնադիրներ, բարձր և միջին օղակի ղեկավարներ:

Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով,  ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաև նպաստում է ներքին, արտաքին ներդրողների և Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:

  • Կիսվել: