հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2020
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը

Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ  Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում:

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն:

 

Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:

  • Կիսվել: