հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի ամերիկյան համալսարանի ավելի քան 500 շրջանավարտների շնորհվեցին բակալավրիատի ու մագիստրատուրայի դիպլոմներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի ավելի քան 500 շրջանավարտների շնորհվեցին բակալավրիատի ու մագիստրատուրայի դիպլոմներ

Շնորհավորանքներ, ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ. Հայաստանի ամերիկյան համալսարանում տոնական տրամադրություն է, ավելի քան 500 շրջանավարտների շնորհվեցին բակալավրիատի ու մագիստրատուրայի դիպլոմներ:  Շրջանավարտների հարազատները, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ղեկավարությունը, հատուկ հյուրերը հանդիսավոր միջոցառման շրջանակում առիթ ունեին իրենց բարեմաղթանքի խոսքը հղելու:

Ավարտական դիպլոմ ստացող ուսանողներից է Մերի Մարգարյանը,  որը Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության բակալավրիատի ծրագրի շրջանավարտ է: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ դյուրին չի ուղել ուսումնական կյանքը Ամերիկյան համալսարանում: Դժվար էր ինչպես ընդունվելը, այնպես էլ սովորելը: Լավ մասնագետ դառնալու համար, ըստ նրա, պետք է մեծ ջանքեր գործադրել: Ապագա պլաններում մագիստրատուրայում կրթությունը շարունակելն է: Աշխատանք գտնելու հետ կապված խնդիրն արդեն լուծված է:

«Այստեղ կրթություն ստանալը դժվար է, սակայն նաև բավական հետաքրքիր է: Մասնագիտական կարևոր հմտություններ եմ ձեռք բերել: Երկրորդ կուրսից սկսել եմ աշխատել, հենց համալսարանն ինքն է մեզ ապահովում տարբեր հնարավորություններով, որպեսզի դիմենք ու աշխատենք, ինչը շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մերի Մարգարյանը:

Շրջանավարտներից Գրիգոր Թուխարյանն ավարտում է ինժեներական ֆակուլտետը: Նա կարևորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր պատրաստվածությունը և ընդգծեց, որ այս կրթական հաստատությունը մեծ հնարավորություններ է տալիս ուսանողներին:

«Այս համալսարանը ընտրեցի, որովհետև այստեղ ընդգրկուն հնարավորություններ են, կրթությունն անգլերենով է, հետագայում կկարողանամ կրթությունս շարունակել դրսում: Այստեղ շատ լավ միջավայր է ձևավորվել, պայմաններն են ոգևորող: Այստեղ աշխատում են բարձրակարգ պրոֆեսորներ: Ասեմ, որ արդեն առաջին կուրսից աշխատում եմ, հենց իմ մասնագիտությամբ»,-ասաց Գրիգոր Թուխարյանը:

Համալսարանում այս տարի առաջին անգամ դիպլոմներ են շնորհվում Տվյալագիտության, ինչպես նաև վակայագրեր են տրվում Կառավարում,  Հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի ծրագրի շրջանավարտներին: Ըստ վիճակագրության՝ համալսարանի շրջանավարտների 80 տոկոսն անցնում է աշխատանքի: Մի մասը հենց ուսանող տարիներից, մի մասն՝ ավարտելուց հետո: Ողջույնի խոսքում Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ հեշտ չի եղել նրանց ուսումնական ուղին, նրանք անցել են բազմաթիվ դժվարություններով, սակայն հաղթահարել են ու այսօր, զինված գիտելիքներով, նոր կյանք են մտնում:

«2022 թվականի սիրելի շրջանավարտներ, համալսարանն ավարտելը ոչ միայն ձեր կյանքի, այլև համալսարանի պատմության համար կարևոր իրադարձություն է: Համավարակի ընթացքում մենք միասին հաղթահարեցինք բարդ մարտահրավերները: Դա հնարավոր չէր լինի առանց միմյանց հետ համագործակցելու: Մենք արդեն ոչ միայն վերադարձել ենք նախահամավարակային կրթական մոդելին, այլև մեկնարկել ենք նոր կրթական ծրագրեր»,-ասաց Կարին Մարկիդեսը: Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի աջակիցներին, բոլոր նրանց, որոնք ուսումնական հաստատության կողքին են եղել:

Կարին Մարկիդեսը ներկաներին փոխանցեց գործընկեր Կալիֆոռնիայի համալսարանի ուղերձը: Հայաստանի ամերիկյան համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Բրայան Էլիսոնն էլ  ընթերցեց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի շնորհավորական ուղերձը:

Հանդիսավոր միջոցառման հատուկ հյուրն էր «Սթարմուս» փառատոնի հեղինակ և համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելը, ողջունելով ու շնորհավորելով շրջանավարտներին, նշանավոր գիտնականը ներկայացրեց իր անցած ուղին, պատմեց, թե ինչ դժվարությունների միջով է անցել հաջողության հասնելու համար, կիսվեց իր ձեռքբերումներով ու պատգամեց՝ լինել ստեղծարար:

«Կյանքում ամեն ինչ հենց այնպես չի տրվելու, պետք է վաստակել, աշխատել ջանասիրաբար, լինել ստեղծարար: Մի փորձեք կրկնօրինակել ուրիշներին, փորձեք ստեղծել ձեր ուղին: Եղեք նպատակասլաց: Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչի կարիք ունի ձեր երկիրն ու համայնքը, հետո հարցրեք՝ ինչպես կարող եք ձեր ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման հարցում»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:

Միջոցառման ընթացքում նաև հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ: 2022 թվականի ՀԱՀ նախագահական պատվոգիրը, որը տրվում է կրթության, հետազոտության և իրազեկման գործում բացառիկ ներդրում ունեցած անձանց, հանձնվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սարգսյանին, որի ավանդը մեծ է Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման գործում:

Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:

  • Կիսվել: