շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության․ ՀՀ նախագահ

«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

 

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ:

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

 

«Ուրախությամբ ողջունում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի մասնակիցներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցներին:

Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն իր ավարտին կհասնի ընթացիկ տարվա ընթացքում:

Ինչպես և 2022 թվականին՝ հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականի պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրադրության պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն:

Հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել մեր պետության առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը: Այս գերակա նպատակների հաղթահարման համար Համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձևն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ ու ճկուն լուծումներ:

Միևնույն ժամանակ հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ ու հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայման է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար:

Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք՝ հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար:

Հարգելի ներկաներ,

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար:

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

  • Կիսվել: