շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամի գործունեությունը պետք է զերծ պահենք որեւէ քաղաքական շահարկումից կամ կասկածից. ՀՀ նախագահ

«Հայաստան» հիմնադրամի գործունեությունը պետք է զերծ պահենք որեւէ քաղաքական շահարկումից կամ կասկածից. ՀՀ նախագահ

Ուրախությամբ հետեւում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի մասնակիցներին, աշխարհի տարբեր  անկյուններից ժամանած մեր հայրենակիցներին: Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն իր վարտին կհաստնի ընթացիկ տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի 33-րդ հերթական նիստում իր բացման խոսքում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա մասնավորապես, նշեց. «Ինչպես 2022-ին, հիմնադրամի առջեւ դրված առաջնահերթություններն ու  օրակարգային հարցերը գտնվում են 2020-ի պատերազմին հաջորդած  իրողությունների տրամաբանության մեջ եւ միտված են առկա իրադրության պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն եւ ճգնաժամային  իրավիճակներում լուծումներ գտնելուն:

Հիմնադրամի գործունեությունը համահունչ է  դրա համահայկական առաքելությանը եւ նպատակ ունի նպաստել պետության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավելուն եւ մեր  հայրենակիցների համար ապրելու եւ արարելու  բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը: Այս գերակա նպատակների հաղթահարման համար համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձեւն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ եւ ճկուն լուծումներ:

Միաժամանակ, Հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ եւ հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարեւոր պայման է փոխվստահության մթնոլորտի եւ կառուցողական աշխատանքների իրականացման համար: Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաեւ ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք հիմնադրամի գործունեությունը որեւէ քաղաքական շահարկումից կամ կասկածից  զերծ պահելու համար:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, հիմնադրամի ցանցի ու աշխատակազմին՝ անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար: Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ եւ արդյունավետ աշխատանք»:

  • Կիսվել: