հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հայագիտական հետազոտություններն ու այս ուղղությամբ աշխատանքները դիտվում են պետության զարգացման ուղղություն. Ժաննա Անդրեասյան

Հայագիտական հետազոտություններն ու այս ուղղությամբ աշխատանքները դիտվում են պետության զարգացման ուղղություն. Ժաննա Անդրեասյան

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով հայագիտության կարևորությունը՝ որպես հետազոտության, ճանաչողության, վերլուծության անսպառ աղբյուրի: Ըստ նրա՝ հայագիտությունը կարևոր է Հայաստանի համար պետության ամրապնդման տեսանկյունից:

«Հայագիտական հետազոտություններն ու այս ուղղությամբ աշխատանքները դիտվում են պետության զարգացման ուղղություն: Դրանք մեծ հնարավորություն են բացում հայերենի զարգացման համար, որի առջև կանգնած են նոր մարտահրավերներ. հետզհետե ավելի թվային դարձող աշխարհում մեր լեզվի կենսունակությունը պահելը պետության օրակարգային հարցերի ու ծրագրերի կենտրոնում է: Մեծ հնարավորություններ են բացվում պատմական տարբեր շերտեր ուսումնասիրելու ուղղությամբ, որոնց անդրադառնալն այսօրվա արդիական խնդիրներին արձագանքելու, սեփական փորձառությամբ ինքնազորեղացման ճանապարհն է, որը կարևոր է նաև տարածաշրջանի իմացության, տարբեր երկրների հետ հարաբերման իմաստով: Հայագիտության զարգացումը նաև մշակույթի հանրահռչակման, տարածման և իրազեկման կարևոր խողովակ է և գիտության միջազգայնացման ամենակարևոր ուղղություններից մեկը»:

Ըստ նախարարի՝ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումներին և նոր մարտահրավերներին:

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թվականից իրականացվող օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը 2024 թվականի դրությամբ իրականացվում է 12 պետությունների 15 հայագիտական կենտրոններում, որոնցում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ և հետազոտողներ:

«Հայագիտական կենտրոնների գործունեության ռազմավարական խնդիրներն այսօր առավել քան երբևէ արդիական են, ուստի առաջանում է զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն: Նման ուղղություններից է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ամփոփելով խոսքը՝ նա վստահություն է հայտնել, որ կոնգրեսը կհամախմբի բոլորին համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ հայագիտության բնագավառում:

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության ուղղություններին, կարևորել է, մասնավորապես, մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը:

«Շատ եմ կարևորում հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացումը Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգության պահպանման և տարածման տեսանկյունից, քանի որ այն իր արժեքայնությամբ նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է»,- ասել է ԵՄ դեսպանը:

Նա ընդգծել է, որ նախընթաց տարին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, համագործակցությունների խորացման, նոր հորիզոնների նախանշման տարի էր ինչպես տնտեսության և մշակույթի, այնպես էլ երկրի տոկունությունն ամրապնդելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու առումով: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Եվրոպական լեզուների օրեր», «Կատապուլտ» և մշակութային այլ ծրագրերին, որոնք հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու հնարավորություններ են ընձեռում:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում նշել է.

«Ստանձնել ենք այս հանձնառությունը՝ համոզմամբ, որ հարուստ գիտական ավանդույթները և բացառիկ ձեռագրական արժեքները ոչ միայն և ոչ այնքան հպարտության և հիացումի առիթ են, որքան տքնաջան և ստեղծագործ աշխատանքի, ներքին բովանդակային նորոգության մշտական ընթացքի, բնագրագիտական դպրոցի շարունակականության ապահովման, հայագիտության միջազգային վերադիրքավորման և գիտական միջազգային կապերի վերաիմաստավորման դաշտ: Համոզված ենք նաև, որ Մատենադարանի պատասխանատվության եզրագիծը և գործունեության հորիզոնը չեն սահմանափակվում սեփական պահոցներով ու աշխատակազմով: Եվ այս առումով հատուկ նշանակություն ունի հայագիտական միջազգային կոնգրեսը, որ նոր հեռանկարներ է բացում հայագիտական միասնական օրակարգերի մշակման համար»:

Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության ոլորտում բարեփոխումների փաթեթը, նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև գիտնականներին, հետազոտողներին տրվող աջակցությունները թե՛ բնագիտական, թե՛ հասարակագիտական ոլորտներում: Նա նաև նախանշել է հումանիտար գիտությունների միջազգայնացմանն ուղղված նոր նախագծերի մասին:

Կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ու ԲԳԿ նախագահը պատասխանել են մասնակիցների տարաբնույթ հարցերին:

Մատենադարանում նույն օրը կազմակերպվել է նաև «Գրատոն» միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվել են հայագիտական կառույցների և տարբեր հրատարակչությունների հրատարակած տարաբնույթ գրքերը, հանդեսները, պատկերագրքերը:

Միջազգային հայագիտական կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը. քննարկումներ են նախատեսված նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

  • Կիսվել: