կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ-ճապոնական համագործակցության շարունակությունը վավերացվել է փաստաթղթերով

Հայ-ճապոնական համագործակցության շարունակությունը վավերացվել է փաստաթղթերով

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի, ինչպես նաև ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուի կողմից ստորագրվել է «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը: 

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին և կավարտվի 2023թ.-ի հունվարին: Հայ և ճապոնացի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերը համատեղ մշակել են Գործողությունների ստանդարտ ընթացակարգի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ուղեցույցի նախնական տարբերակներ: ԳՍԸ-ի շրջանակում որպես թիրախ են ընտրվել, հատկապես, երկրաշարժերի, սողանքների և անտառային հրդեհների ժամանակ տեղեկատվության տրամադրման և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործընթացները, իսկ ուղեցույցի ստեղծումը նպատակ ունի լրագրողներին զինել աղետների կառավարման հիմնական սկզբունքների և հասկացությունների մասին գիտելիքներով, որպեսզի նշանակալի ներդրում ունենան հասարակության կրթման գործում: Առաջիկայում կմշակվեն ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ ուսումնական նյութեր և կիրականացվի լրագրողների վերապատրաստում:

«Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ մեր համագործակալությունը սկսվել է հենց մեր կառույցի ձևավորման սկզբից: Տարիների ընթացքում այդ համագործակցությունը եղել է տարաբնույթ՝ հրշեջ-փրկարարական մեքենաների տրամադրումից մինչև սեյսմիկ կայանների տեղադրում, քաղպաշտպանության ոլորտում աջակցությունից մինչև ճգնաժամային իրազեկման զարգացման ծրագրեր: Կարևորելով Միասնական համակարգող հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները՝ վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները, տեխնիկական աջակցությունը կնպաստեն ճգնաժամային հաղորդակցության զարգացմանը և աղետներին դիմակայուն հասարակության պատրաստմանը »,- նշել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Ճապոնական կողմն ԱԻՆ-ին շնորհակալություն է հայտնել հաջողված և շարունակական համագործակցության համար:

  • Կիսվել: