շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հինգ խմբում ներառված փրկարարական ծառայողներին կտրվի դրամական օգնություն. նախագիծ․ «Փաստ»

Հինգ խմբում ներառված փրկարարական ծառայողներին կտրվի դրամական օգնություն. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ.-ի սեպտեմբերի 25-ի N 1119-ն որոշման մեջ: Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հավելվածով։ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 13րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատում կամ փոփոխում է ԱԻ նախարարը։

Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, հստակեցվել ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ են հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության։ ԱԻ նախարարի 2021 թ.-ի հուլիսի 1-ի N 814-Լ հրամանով կատարվել է հաստիքային փոփոխություն, որի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ։

Դրանով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու կառավարության 2014 թ.-ի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու» N 1119-Ն որոշման N 7 հավելվածը, որով սահմանվում են փրկարարական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակելիս՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։

Հաշվի առնելով «Փրկարար ծառայության պաշտոնների դասակարգման հաստիքացուցակով» Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել 7-րդ հավելվածով սահմանել ՓԾ մի շարք պաշտոնների խմբերի համար դրամական օգնության չափեր։ Նախագծով նախատեսվում է որոշման գործողությունը տարածել 2021 թ.-ի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, որի արդյունքում թվով 5 խմբում ներառված փրկարարական ծառայողներին կտրվի դրամական օգնություն։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու, առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու, հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման դեպքում ծառայությունից արձակվելիս՝ Փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություն տրամադրելու օրենքով սահմանված իրավակարգավորումները տարածել Փրկարար ծառայության պաշտոնների բոլոր խմբերի վրա։ ՓԾ ծառայողներին դրամական օգնություն կտրամադրվի ԱԻՆ միջոցների հաշվին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: