շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատերազմի հետևանքով վիրավորների խնամքին նվիրված ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողով կանցկացվի

Պատերազմի հետևանքով վիրավորների խնամքին նվիրված ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողով կանցկացվի

 Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը: Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են իրենց հայ գործընկերներին՝ նրանց հետ օգնելու Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին։

Այս համագործակցության մասնակիցները կհանդիպեն 2021 թվականի հոկտեմբերի 13, 14 և 15-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակներում: Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակվեն փորձով և կսահմանեն Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցների /Assistance publique - Hôpitaux de Paris (AP -HP) կողմից, Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո, այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՊԲՀ աջակցությամբ:

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության ոլորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ինչպես նաև Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը: Մասնակիցների գրանցումը սահմանափակ է և պետք է կատարվի հետևյալ կայքում` https://forms.gle/o3Gg63v1dZtr7R2Q8

  • Կիսվել: