Հայ և ֆրանսիացի լուսանկարիչները հանդես կգան համատեղ ցուցահանդեսով
«Ապրողները։ Խաչվող հայացքներ: Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ և ֆրանսիացի երիտասարդ լուսանկարիչներ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի աշխատանքները: Լուսանկարներում կարելի է հանդիպել տարբեր երկրներում ապրող հետաքրքիր դեմքերի, իրադարձությունների և իրավիճակների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 23-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Այն բաց կլինի մինչև ապրիլի 18-ը:
Մարտի 22-ին լրագրողները հնարավորություն ունեցան շրջել ցուցասրահներում, զրուցել կազմակերպիչների և լուսանկարիչների հետ:
«Ուրախ եմ, որ այս տարի կարող ենք ֆիզիկապես հանդիպել Ֆրանկոֆոնիայի շրջանակում և բավականին լուրջ ծրագիր ներկայացնել: Երբ դեսպանատունը կազմակերպեց Հրանտ Դինքին նվիրված միջոցառումը, Ֆրանսիական ֆիլմերի փառատոնը, հասկացանք, որ մարդիկ մշակույթի կարիք ունեն: Որոշեցինք ռեալ ծրագրեր իրականացնել և կազմակերպել նաև հայ և ֆրանսիացի լուսանկարիչների հանդիպում: Այդպես նրանք կարող են հաղորդակցվել, փորձով փոխանակվել»,-նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և հավելեց, որ 2021-ի վերջին կամ հաջորդ տարի ցուցահանդեսը կներկայացնեն Ֆրանսիայում:
Անկախ լրագրող և լուսանկարիչ Շառլ Թիեֆենի շարքը կոչվում է «Թահրիր-Անհնազանդություն»: Նա ներկայացրել է 2019-ին Իրաքի ցույցերը, երբ օրինական իշխանությունները կրակում են, արցունքաբեր գազ կիրառում, օգտագործում գերծանր նռնակներ: «Մարդիկ այդ ժամանակ դուրս էին եկել փողոց, որ պահանջեն մաքուր ջրի, աշխատանքի, սննդի հասանելիություն: Շարժմանը մասնակցում էին ընտանիքներ, երիտասարդներ, արվեստագետներ՝ հավաքվելով Թահրիր հրապարակում: Իշխանությունները բռնի ուժով ճնշեցին շարժումը, ինչի հետևանքով 600 մարդ զոհվեց, իսկ 20 հազարը վիրավորվեց»,-պատմեց Թիեֆենը:
Նա շեշտեց, որ իր համար հետաքրքրական է եղել Թահրիրի երիտասարդների ֆիզիկական վերաբերմունքն այդ բռնությանը: «Այնտեղ կա ուրախություն, վախ, ընկերություն, հուզմունք, տխրություն: Յուրաքանչյուր մարմին ասես յուրովի է պաշտպանվում վտանգից: Ոմանք առճակատման են գնում, մյուսներն էլ անտարբեր են: Բոլորը կանգնած են մի վտանգի առջև և լավագույն ապագայի հույս ունեն»,-ասաց լուսանկարիչը: