կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հավանության է արժանացել Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագիրը

Հավանության է արժանացել Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել «Քրաուդ էֆֆորթ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Ըստ հիմնավորման՝ «Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում 2019 թ. «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ի կողմից մեկնարկվել է քաղաքաշինական ծրագիր, որը, սակայն, չի ունեցել տրամաբանական ավարտ. ընկերությունը մտել է սնանկության վարույթ, առկա են բազմաթիվ տուժած գնորդներ ու գործընկերներ, շինարարությունը փաստացի դադարեցված է, հարուցված են քրեական գործեր, առկա են բազմաթիվ արգելանքներ, տուժած բնակիչներ:

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ավարտին հասցնել ձախողված ծրագիրը, տուժողները կստանան իրենց պահանջների բավարարում, կապահովվեն էական մեծ ներդրումներ ու հարկային մուտքեր, նոր աշխատատեղեր, կիրականացվի գրագետ համալիր քաղաքաշինություն: Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի վերջնամասում կկառուցվի բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած թաղամաս, որը հնարավորություն կտա նաև այլ անձանց ձեռք բերել բնակարան նշված հատվածում, կձևավորվի գույքահարկի բազա, կկանխվի ծրագրի ձախողման հետևանքով վրա հասնող շղթայական վնասների բացասական ազդեցությունը:

 

  • Կիսվել: