ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն կմասնավորեցվեն դասական աճուրդով. Սա մասնավորեցման երկրորդ փորձն է

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն կմասնավորեցվեն դասական աճուրդով. Սա մասնավորեցման երկրորդ փորձն է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց:

Նշենք, որ այս ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ընկերությունը գտնվում է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղ․ Ա․ Միկոյան 109/8 հասցեում։

Համաձայն կանոնադրության Ընկերության գործունեության առարկան և նպատակն է՝ ստորգետնյա տարածքներում փրկարարական աշխատանքների իրագործումն իր ենթակայության մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով։

Ընկերությունը լեռնափրկարարական ծառայությունների մատուցման համար յուրաքանչյուր տարի կնքում է պայմանագրեր կամ համաձայնագրով երկարացնում է նախկինում կնքված պայմանագրերի ժամկետները։

Ընկերության 2022թ. հաստիքացուցակով հաշվառվում է 90 հաստիք: Ընկերությունն ունի 2 378,9 ք/մ անշարժ գույք մարզերում՝

1.վարչական շենք՝ 1052,1 ք․մ, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան Լեռնագործների փողոց թիվ 1/22,

2.ավտոտնակ՝ 54,6 ք․մ,  ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան Լեռնագործների փողոց թիվ 1/1, զբաղեցրած հողատարածքը՝ 0,00649 հա, շուկայան արժեքը՝ 530.0 հազ. դրամ, կադաստրային արժեքը՝ 443,52 հազ. դրամ

3.պահակատուն՝ 88,5 ք․մ, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան Լեռնագործների փողոց թիվ 1/2, զբաղեցրած հողատարածքը՝ 0,00704 հա, շուկայան արժեքը՝ 580.0 հազ. դրամ,  կադաստրային արժեքը՝ 481,11 հազ. դրամ

4.ծառայողական շենք՝ 1183,7 ք․մ, ՀՀ Լոռու մարզ,  ք․ Ախթալա, Շահումյան փողոց, զբաղեցրած հողատարածքը՝ 0,193 հա, շուկայական արժեքը՝ 6,535.47 հազ. դրամ, կադաստրային արժեքը՝ 993.95 հազ. դրամ։

Ընկերության ակտիվների գնահատված մեծությունը կազմում է 297,567.6 հազ դրամ։

Ընկերության պարտավորությունները 2023թ․ մայիսի 1-ի դրությամբ կազմել են 19,054․1 հազ․ դրամ։

ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 158-Ա որոշմամբ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 2023թ. մարտի 7-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով։

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվում են մասնավորեցման երկրորդ անգամ, դասական աճուրդով՝ գնահատված արժեքի 75 տոկոսով՝ 206,600.85 հազ. դրամ։

Նախագծով սահմանվում է նաև, որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Նախագծով նախատեսված՝ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը պետք է ուղղվի համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

  • Կիսվել: