շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավակնորդների քննության ժամանակացույցը

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի դեկտեմբերի 8-ի N 1629-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, 19-ին և 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Նշենք՝ թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային տարբերակով նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով: Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Հավակնորդը քննության հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Թեստավորման փուլը հաղթահարած հավակնորդի հետ նույն օրը, իսկ տեխնիկական պատճառներով նույն օրն անցկացնելու անհնարինության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում, անցկացվում է հարցազրույց:

Էլեկտրոնային թեստավորման համար հավակնորդին տրվում է 60 րոպե:

  • Կիսվել: