հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը

Հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը

Բիզնեսի հաջողությունը մեծապես պայմանավորված է տնտեսական օրենքների և իրավական ակտերի հստակ իմացությունից և ճիշտ կիրարկումից։ Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի համապատասխան որոշմամբ հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախատեսել և պարբերաբար կազմակերպում է սեմինարներ՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ։
Հերթական սեմինարը կայացավ մայիսի 31-ին, որի հիմնական բանախոսներն էին ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը։ Նախապես համատեղ հրապարակվել են ձեռնարկներ, ինչը նպատակ է հետապնդում աջակցել գործատուներին կանխարգելելու կազմակերպությունում աշխատանքային իրավունքների առերևույթ խախտումները՝ հետագայում վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։

Պարբերաբար կազմակերպվող սեմինարները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթներին, ստուգումների անցկացման կարգին, չափորոշիչներին և այլ կարևոր մանրամասներին։ Սեմինարին մասնակցում էին ընկերությունների և կազմակերպությունների երկու տասնյակ ներկայացուցիչներ, որոնք գոհունակությամբ նշեցին, որ ստուգաթերթերի կիրառումը կանխելու է այդ գործում ստուգողների կողմից հնարավոր կամայականություններն ու սուբյեկտիվ դրսևորումները։
Քննարկումների ընթացքում բանախոսները հանգամանորեն պատասխանեցին մասնակիցներին մտահոգող բազմաթիվ հարցերի։

  • Կիսվել: