չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատը վեց գերատեսչությունում արձանագրել է 26 խեղաթյուրում, ևս 13-ում` 138 անհամապատասխանություն

Հաշվեքննիչ պալատը վեց գերատեսչությունում արձանագրել է 26 խեղաթյուրում, ևս 13-ում` 138 անհամապատասխանություն

2022-ին ներկայացվել է 72 հաշվեքննություն 18 պետական մարմիններում: Այդ մասին «Հաշվեքննիչ պալատի՝ 2022 թվականի վերաբերյալ հաղորդումը» ներկայացնելիս ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ հաշվեքննությունները մի քանի մասով են իրականացվել: Առաջին մասով իրականացվել է 40 հաշվեքննություն, 10 պետական մարմիններում՝ 4-ական հաշվեքննություններ: Նպատակը պետբյուջեի՝ 2021-ի տարեկան կատարման հաշվետվության և այնտեղ արտացոլված ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ներկայացնելն է եղել:

Երկրորդ մասով 11 հաշվեքննություն է իրականացվել, ծրագրի 18 կետից 11-ն են ավարտվել, իսկ գործունեության ծրագրի երրորդ մասով իրականացվել են միջազգային պայմանագրերով նախատեսված 3 համատեղ միջոցառումներ:  

«Հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել են 138 անհամապատասխանություններ 13 գերատեսչությունում և 6 գերատեսչություներում՝ 26 խեղաթյուրում»,- ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ խեղաթյուրումների փաստը չի անդրադարձել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած կարծիքի վրա, որովհետև դրանք բյուջեի ծախսային մասի 0,15 տոկոսն են կազմել:

2022-ի թվականին Հաշվեքննիչ պալատն ընդհանուր առմամբ տվել է 4 դրական եզրահանգում, 1 ոչ լիարժեք եզրահանգում:

  • Կիսվել: