հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, հափշտակել նոթբուք, ոսկյա ու արծաթյա իրեր

Հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, հափշտակել նոթբուք, ոսկյա ու արծաթյա իրեր

Հուլիսի 14-ին, ժամը 14.30-ին, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5Ա շենքի մի բնակարանատեր վերադարձել էր տուն ու տեսել, որ այն թալանված է։ Ահազանգել էր ոստիկանության Կենտրոնական բաժին ու հայտնել, որ հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, հափշտակել նոթբուք, ոսկյա զարդեր, արծաթյա իրեր եւ այլն։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց՝ հուլիսի լույս 15-ի գիշերը։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ բնակարան էր մտել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։

Ժամը 1.35-ի սահմաններում տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Խանջյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցույցմունք ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաեւ բնակարանից հափշտակված իրերը, որոնք ձերբակալվածի բնակության վայրում էին՝ Արզնի գյուղում։ Գողոնն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

 

  • Կիսվել: