ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ Մինասյանին

ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ Մինասյանին

Խորհրդարանը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հայտնեց՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ Մինասյանին։

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ Մինասյանն իր աշխատանքային կենսագրությունում համադրել է գործադիր և օրենսդիր մարմիններում աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական աշխատանքը։

Արծվիկ Մինասյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 1-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում, 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։

1995-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, 2000-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

Տնտեսագիտության թեկնածու է, մեկ տասնյակից ավելի գիտական հրապարակումների հեղինակ։

1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ-ի Վաշինգտոն և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին։

2000-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը, ըստ Խաչատրյանի, սկսել է ուղիղ 30 տարի առաջ՝ 1996 թվականին, հանրային ծառայությունում աշխատանքն սկսելով սկզբնակետից։

2005-2007 թվականներին աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում, պաշտոնավարումը դադարեցրել է, քանի որ ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Եղել է չորրորդ, հինգերորդ և ութերորդ գումարումների ԱԺ պատգամավոր։

2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2021-2026 թվականներին նախորդ գումարման ԱԺ-ում եղել է «Հայաստան» խմբակցության քարտուղար։

2016-ի փետրվար-հոկտեմբերին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա 2016 թվականից մինչև 2018 թվականի մայիսը եղել է ՀՀ բնապահպանության նախարար։

Պահեստազորի սպա է, ՀՅԴ անդամ։

Իր խոսքում Արծվիկ Մինասյանն ասաց՝ իր համար մեծ պատիվ է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այդ պատասխանատու պաշտոնում առաջադրվելը։

«Լիարժեքորեն պատրաստ եմ իմ համեստ մասնակցությունն ունենալ սահմանադրական երկու կարևորագույն լիազորություններով օժտված մարմնի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու գործում՝ ոչ միայն Սահմանադրությամբ նախանշված նպատակներին հասնելու, այլև երկու առանցքային ու սկզբունքային ոլորտներում հիմնարար փոփոխություններ բերելու համար», - ասաց թեկնածուն։

  • Կիսվել: