հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին

«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին

Երեկ` օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել «Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի մարզից զոհված զինծառայողներին:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելիներ,
«Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով: 
Այս Հուշամատյանի էջերից՝ ինչպես երկնքից, իրենց լուսավոր և պարտադրող 
հայացքներով նրանք նայում են մեզ՝ աչք առ աչք, հոգի առ հոգի և իրենց պատգամն ու 
ուղերձն են հղում իրենց երկնային բնակարաններից: Մենք այսօր իրավունք չունենք 
հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության: 

Մենք կոչում ունենք նույնանալու նրանց հետ և արժանի դառնալու նրանց սրբացած արյանը և կյանքին՝ պատասխանատվություն կրելով նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու: 
Հաղթանակի տեսիլքով եք մեկնել և մեզ Հաղթանակի կտակը թողել: Այսօր դուք 
Քրիստոսի Հարության հաղթանակի կրողներն եք՝ Անմահները, հաղթել եք մահվանը և 
գտնվում եք ապագայում, որին մենք պիտի դեռ շատ ձգտենք հասնելու համար: Դուք 
անցյալում չեք, դուք ապագայում եք, և երանի արժանի լինենք ձեզ:

Մեր հերոսների սիրելի ընտանիքներ՝ ի՛մ ընտանիքներ, մե՛ր ընտանիքներ,
Ձեր հեղած արցունքի յուրաքանչյուր կաթիլն արյան գին ունի: Իմ խոնարհումը ձեզ և մեր հերոսներին, ովքեր իրենց ընտանիքները առաջնային չհամարեցին, այլ ձեզանից ու 
իրենցից վեր դասեցին մեր Հայրենիքը, Պետությունը, հավատքը, արժանապատվությունը, մեր գոյության իրավունքը և մարտնչեցին ու մարտիրոսացան՝ հայացքը դեպի ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՎ: 

Թող այս Հուշամատյանը ՈՒԽՏԱԳԻՐ դառնա մեզ համար՝ արժանի և հավատարիմ ազգ 
Աստծուն, ձեր կտակին և մեր երազների իրականացման ճանապարհին: 
Հավերժ խոնարհում ձեզ, մեր ՄԵԾ ԱՆՄԱՀՆԵՐ…
Խոնարհումով, սիրով և աղոթքով՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Առաջնորդ Տավուշի թեմի»:

  • Կիսվել: