երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրային իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ

Հանրային իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն փրկարար ծառայությունը հուլիսի 8-ից Հայաստանի Հանրապետության անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ իրականացնում է հանրային իրազեկման աշխատանքներ՝ հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով։

Միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողների, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի, մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսերով շրջիկ իրազեկում։

Հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքներում ներգրավված են նաև Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցները։
Ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերը՝ ոչ աշխատանքային օրերին բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված։

Հանրային իրազեկման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Փրկարար ծառայությունն ակտիվ համագործակցում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ․ վերջիններիս պաշտոնական կայքէջերում պարբերաբար տեղադրվում են հայտարարություններ՝ նշված տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և քաղաքացիների շրջանում զգոնության բարձրացման վերաբերյալ:

  • Կիսվել: