ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները կարևոր են ներառական կրթությանը նպաստելու առումով. Ժաննա Անդրեասյան

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները կարևոր են ներառական կրթությանը նպաստելու առումով. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ իր դրական դիրքորոշումը հայտնել է առաջին ընթերցման ժամանակ: Առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական բնույթի դիտարկումներ, որոնք ընդունվել են: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար, որի շնորհիվ երկրորդ ընթերցմամբ նախագիծն արդեն պարունակում է լրացուցիչ կարևոր դրույթներ:

«Նախագիծն ինքնին կարևոր է ներառական կրթությանը նպաստելու, արժեքային շեշտադրումներ և նոր գործիքակազմ ներդնելու առումով: Երկրորդ ընթերցումից առաջ հնարավորություն ենք ունեցել նաև բացառիկ ընդունակություններ ունեցող օժտված անձանց սահմանումը տալու, ինչը կարևոր է նրանց կարողությունների զարգացման համար: Կառավարության նախաձեռնություններից մեկը վերաբերում է տաղանդների զարգացման հիմնադրամի ստեղծմանը, որի հիմնական շահառուները լինելու են հենց այս անձինք ու նրանց համար նախատեսված պետական հատուկ քաղաքականություն և գործիքակազմ պետք է լինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծի հեղինակ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է լիազոր նորմեր սահմանել՝ ուսումնական հաստատությունների ցանկերի հաստատման ու տնօրենների ատեստավորման վերաբերյալ: Պատգամավորը, մասնավորապես առաջարկում է՝ հաջող արդյունքի դեպքում նաև հավելավճարի մեխանիզմ կիրառել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է տնօրենների ատեստավորման գործընթացի արդյունքում հավելավճարի տրամադրման հնարավորության ամրագրումը, որը թույլ կտա այս ոլորտում նույնպես մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ ներդնել:

«Բոլոր առումներով կարևոր նախագիծ է, և Կառավարության դիրքորոշումը միանշանակ դրական է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք նաև, որ նախագծով առաջարկվում է նաև վերանայել մանկավարժների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել կրթական գործընթացում բոլոր սովորողների ակտիվ մասնակցության խթանումը, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումների մասնակցության առումով, ինչպես նաև խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, ինչպես նաև սովորողի ծնողի պարտավորություններում ամրագրել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականցմանը մասնակցելու, դասապատրաստմանն աջակցելու, մարդու և պետության նկատմամբ հարգալից վերաբերմունք դաստիարակելու նորմերը:

  • Կիսվել: