երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը

Համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատատությունների զարգացման գործում։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է:

«Ինչպես գիտեք, ներկայում քննարկման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թ. համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին և դրա կարևորությանը: Մասնավորապես, սահմանվել է հստակ թիրախ, համաձայն որի՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատությունների շրջանավարտների առնազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ։ Սա խիստ հավակնոտ թիրախ է, որը մեր առջև դնում է լուրջ մարտահրավերներ, որոնք առաջին հերթին գործում են որակի ապահովման դաշտում»,- փաստել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների հաղթահարման եղանակներից մեկը հաստատությունների հավատարմագրումն է և որակի ապահովման համակարգերի ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք օգնում են համակարգային խնդիրները վերհանել և լուծել։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ այս հարցում անհրաժեշտ են արագ լուծումներ, որոնք կապված են ոչ միայն հավատարմագրման գործընթացի, այլև հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացման հետ: Նա փաստել է՝ խնդիրների հաղթահարման համար առկա են բոլոր նախադրյալները՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների տեսքով:

Ըստ փոխնախարարի՝ այս գործում իր նշանակալի նպաստը կբերի մասնագիտական կրթության և ուսուցման օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար:

«Մենք աշխատում ենք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և դիտարկում ենք՝ ինչպիսի նրբություններ ու առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որպեսզի հետագա գործընթացները լինեն ավելի թիրախային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունն իր հետագա աշխատանքներում հաշվի կառնի համաժողովի ընթացքում հնչած բոլոր կարևոր առաջարկները:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Ելույթներից հետո շահակիցների հետ տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել արտաքին գնահատման գործընթացների արդյունքներին և առկա մարտահրավերներին՝ կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից: Քննարկվել են նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։

Պանելային քննարկումներին հաջորդել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար Էրազմուս+ ծրագրերի հնարավորությունների և պահանջների ներկայացումը Հայաստանում։

  • Կիսվել: