հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. նախարար

Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. նախարար

«Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։
Անդրեասյանը հայտնեց, որ այդ հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։

«Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,–ասաց նախարարը։
Հարցին`ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, Անդրեասյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում։

  • Կիսվել: