հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հակոբ Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել ԲՏԱ նորանշանակ փոխնախարարին

Հակոբ Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել ԲՏԱ նորանշանակ փոխնախարարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։
 
Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։
 
Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։
 
Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։
 
Նախարար Հակոբ Արշակյանը խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։
 
«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,-
ընդգծել է Հակոբ Արշակյանը։
 

  • Կիսվել: