Իսլանդիայում հանրաքվե է անցկացվում Եվրամիության անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ
Իսլանդիայում հանրաքվե է անցկացվում Եվրապական միությանն անդամակցելու շուրջ 2013 թվականին ընդհատված բանակցությունների վերսկսման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ ընդգծելով, որ այսօր անցկացվող քվերակությունը մեկնարկել է տեղական ժամանակով 09։00-ին և կընթանա մինչև 22։00-ն, իսկ արդյունքները պարզ կդառնան օգոստոսի 30-ի առավոտյան։
Աղբյուրը նշում է, որ վերջին հարցումների համաձայն՝ ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսելուն դեմ է արտահայտվել հարցվածների 51.6%-ը։
Նշվում է, որ քվեարկության է դրվել հետևյալ հարցը․ «Պե՞տք է արդյոք Իսլանդիան վերսկսի բանակցությունները Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ»։
Դրական պատասխանը, սակայն, չի նշանակի երկրի անհապաղ անդամակցություն ԵՄ-ին։ Եթե նախաձեռնության կողմնակիցները հաղթեն, Իսլանդիան կվերսկսի բանակցությունները Բրյուսելի հետ, որից հետո հնարավոր համաձայնագիրը պետք է հաստատվի նոր հանրաքվեով և երկրի խորհրդարանում։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, իսկ պայմանագիրը պետք է վավերացնեն ԵՄ բոլոր 27 երկրները։
Իսլանդիան արդեն մտնում է Եվրոպական տնտեսական գոտու և Շենգենյան գոտու կազմի մեջ, ուստի մասնակցում է եվրոպական միասնական շուկային և հետևում է մարդկանց ազատ տեղաշարժի ռեժիմին։ Հետևաբար, ԵՄ անդամակցությունը Իսլանդիայի համար կնշանակի միացում արդեն ԵՄ մաքսային միությանը և հեռանկարում նաև անցումը եվրոյի։
Իսլանդիայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրման շուրջ բանակցությունները, մինչև 2013 թվականին դրանց կասեցումը, բավականին առաջ էին գնացել․ բանակցային 35 գլուխներից 27-ն արդեն բացվել էին, իսկ 11-ը՝ նախնականորեն փակվել։
Գլխավոր խոչընդոտը վերաբերում է ձկնորսությանը, քանի որ ձկնային և ծովային ճյուղերը ապահովում են իսլանդական արտահանման գրեթե 40%-ը։
Անդամակցության հակառակորդները մտավախություն ունեն, որ ԵՄ անդամակցությունը կզրկի Իսլանդիային ազգային ձկնային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունից՝ Եվրամիության «Ընդհանուր ձկնատնտեսական քաղաքականության» շրջանակում։ Բրյուսելը թույլ է տալիս Իսլանդիային որոշակի բացառություններ տրամադրելու հնարավորությունը, սակայն հենց ձկնորսության հարցն է համարվում ամենաբարդը հնարավոր համաձայնագրում։



