շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
ՇՀԿ գագաթնաժողովին Բիշքեկում կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը

ՇՀԿ գագաթնաժողովին Բիշքեկում կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ ղեկավարներ։

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը, Տոգոյի կառավարության նախագահ Ֆոր Գնասինգբեն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիտը, Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և ԱԽՎՄԴ-ի գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբայը։

Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում։

Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ։

Ընդլայնված «ՇՀԿ պլյուս» ձևաչափով մասնակիցները կքննարկեն ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դերը, կայուն զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն օգոստոսի 28-ին հայտնել էր, որ Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

 

  • Կիսվել: