հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակամրցակցային համաձայնությունները դժվար ապացուցելի են․ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան

Հակամրցակցային համաձայնությունները դժվար ապացուցելի են․ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել Փարիզում տեղի ունեցած համաժողովում քննարկումների վերաբերյալ։ Դրանում նշված է․

«ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 22-րդ համաշխարհային համաժողովին:

Համաժողովի երկու օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և հրավիրված փորձագետների հետ համատեղ քննարկումներ են ունեցել մրցակցության ոլորտի համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը  ներկայացրել է հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ գործերում տնտեսական ապացույցների կիրառման Հայաստանի մրցակցային մարմնի փորձը:

ՄՊՀ նախագահը նշել է, որ հակամրցակցային համաձայնությունները տնտեսական մրցակցության ոլորտի այլ իրավախախտումների համեմատ շատ ավելի դժվար ապացուցելի են, քանի որ հաստատվում են տնտեսական բնույթի ապացույցներով, այլ կերպ ասած՝ իրավաբանական անձանց գործողությունների և վարքագծի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների միջոցով:

Իր խոսքում նա անդրադարձել է օրենքով նման ապացույցների ձեռքբերման նպատակով ՄՊՀ-ին վերապահված գործիքակազմին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունները հիմնավորող տնտեսական և անուղղակի ապացույցների առնչությամբ ՀՀ դատական ատյանների ցուցաբերած մոտեցումներին»:

  • Կիսվել: