երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հադրութում ադրբեջանցի դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով հայերեն շփվել․ Պեգով

Հադրութում ադրբեջանցի դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով հայերեն շփվել․ Պեգով

Հադրութում, կարծում եմ, որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում, որովհետև քչերն էին սպասում, որ այդ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ։ Այս մասին այսօր «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

Նրա խոսքով՝ Հադրութն ավելի օբյեկտիվ, ռազմական կորուստ էր, քան քաղաքական։

«Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում: Սկզբից մտել էին դիվերսանտները, նրանցից ոմանք հայկական զինվորական համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով շփվել հայերենով, հիմա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդպիսինները կան: Հետո դուրս բերվեց մոբիլիզացված զորքը: Քաղաքը մաքրում էին Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինները, որպեսզի չսպանեն սեփական զինվորներին այդ խառնաշփոթում, երբ  հակառակորդը Արցախի պաշտպանության բանակի համազգեստով է: Դա ավելի շատ նման էր հակաահաբեկչական գործողության:

Այլ հարց է, որ հատուկջոկատայինները մտնում, մաքրում էին քաղաքը, այնտեղ չէին մնում դիվերսանտներ և սկսվում էր զանգվածային հրետանային կրակ, բացի այդ էլ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները: Դա ես ինքս եմ տեսել: Իմաստ չկար քաղաքում այդքան մարդկանց թողնել նման կրակի տակ: Այդ պահին, հատուկջոկատայինները հետ էին քաշվում, քաղաք էին մտնում հերթական դիվերսանտները, իհարկե այդ ժամանակ կրակը դադարում էր` սեփական կենդանի ուժին վնաս չհասցնելու նպատակով, նորից մտնում էին հատուկջոկատայինները: Եվ այսպես քաղաքի փոխանցումը ձեռքից ձեռք մի քանի օր չէ, որ տևել է:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի տեխնիկան ու կենդանի ուժը ավելի շատ էր և ի վերջո քաղաքը անցավ նրանց հսկողության տակ: Հիմա ինձ համար դժվար է ասել ամսաթիվը, բայց հստակ է, որ դա էլ չի համընկել Ալիևի հայտարարության հետ (քաղաքը գրավելու մասին): Ալիևի հայտարարությունից հետո ես ամենաքիչը 3 անգամ եղել եմ քաղաքում: Քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է անցել նրանց նախագահի հայտարարությունից մոտ 10 օր հետո»:

 

 

  • Կիսվել: