ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով…

Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով…

Նա 11 տարեկան է, անցել է արցախյան վերջին պատերազմի դժոխքի միջով: Կորցրել է իր ծննդավայրը, իր տունը, իր մանկության արահետները, սիրելի խաղալիքները: Նա ամեն օր կարոտում է իր հայրենի եզերքը և ամեն օր երազում վերադառնալ:

Վիկա Ավետիսյանի առաջին գիրքն է լույս տեսել՝ փոքրիկ, բայց շա՜տ կարևոր հեքիաթներով: Նրա համար Հադրութը հեքիաթ է դարձել և գուցե դա է պատճառը, որ հավատում է՝ անպայման բարի վերջաբան է ունենալու, որովհետև բոլոր հեքիաթները բարի են ավարտվում:

Իսկ մինչ այդ  նա կգրի ի՛ր հեքիաթները,  որոնց միջոցով կփորձի պատմել այն ամենն, ինչ կատարվում է իր ներսում:

Փոքրիկ Վիկան ութ տարեկանից է գրում:  Նրա բոլոր հեքիաթները մնացին Հադրութում՝ իր համակարգչի մեջ:  Սակայն հնարավոր եղավ փրկել այն մի քանիսը, որոնք տպագրվել էին  թերթերում ու կայքերում:

Վիկայի՝ գիրք տպագրելու երազանքի մասին իմացավ ամերիկաբնակ մեր հայրենակից Արմինե Բաբայանը, ով որոշեց հովանավորել ու տպագրել այն: Տիկին Արմինեի նախագծին միացավ  նկարչուհի  Նունե Մելոյանը, և ծնվեց այս հրաշալի գիրքը:

Տպաքանակը հիմա Վիկայենց վարձով տան մի  փոքրիկ անկյունում է ու սպասւոմ է իր ընթերցողներին:

Գրքի շնորհանդեսը կազմակերպեց <<Դիզակ Արտ>-ը:

Արդեն շատերն են ձեռք բերել և ընթերցել գիրքը, ապա նաև հիացական խոսքեր գրել Վիկային, նշելով, որ նրա հեքիաթները ապրեցնում են , լույս են ճառագում:

Ամեն մի ընթերցողի հետ Վիկան ուրախանում է, ոգեշնչվում:

Հիմա նոր գրքի վրա է աշխատում: Ասում է. <<Այս  տպաքանակը որ վաճառվի ինձ համար նոութբուք կառնեմ ու դրա մեջ կգրեմ նոր հեքիաթներս>>, որովհետև մի տեսակ դժվար է  գրել թղթի վրա, հետո գնալ ինչ-որ տեղ այն համակարագրչի մեջ հավաքել, տպագրել, պահել և այլն:

Գիրքը վաճառվում է Վիկայի ֆեսբուքյան էջում, ահա այստեղ ։

Կարող ենք նաև զանգահարել ա՛յս հեռախոսահամարով. 095077154

Շուտով կլինի նաև գրախանութներում:

Մենք բոլորս կարող ենք դառնալ Վիկայի ուրախության մի մասնիկը, եթե ձեռք բերենք այն ու նվիրենք մեր սիրելի երեխաներին:

  • Կիսվել: