Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ
Գյումրիում մարտի 11-ին երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզի դատախազունից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ «Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Անի թաղամասում իրենց իսկ բնակարանի մեջ դանակահարել են նույն թաղամասում գործող սրճարաններից մեկի տիրոջ որդուն ու հարսին։ Նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, ապա Երևան: Ամուսինը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Կինը հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած, ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասվածքով։